Ծանոթներս երբեմն բարի մաղթանքի ձևով ասում են` միլիցիա կամ հիվանդանոց չընկնես։ Շնորհակալ եմ, իհարկե, զգուշացման համար։ Բայց մեծ աշխարհ է, ինչ ասես չի պատահում։ Եթե ես փորձանքի մեջ չընկնեմ, ուրիշներն են ընկնելու` բարեկամ, ծանոթ, անծանոթ։ Այդպիսի դեպքերը շատ են։ Սկսեմ հիվանդանոցներից, ավելի ստույգ` այն բժիշկներից, ովքեր իրենց արհեստ-մասնագիտությունն առաջին հերթին օգտագործում են հիվանդ մարդկանցից հնարավորինս շատ դրամ կորզելու համար։
Նման բժիշկները հիվանդի վիճակը նախապես ներկայացնում են շատ բարդ ու ծանր, չմոռանալով նաև հիշեցնել նշանակվող դեղերի և անալիզների թանկության, ինչպես նաև հիվանդանոցում մնալու ծախսերի մասին։
Մոտ վեց տարի առաջ, աշնանային մի ցուրտ գիշեր, բարեկամս (Ս. Մ.) Մոսկվայից վերադառնում է Երևան։ Վաղ առավոտյան նրան գտնում են Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում` կիսաշունչ վիճակում, և շտապ օգնության մեքենայով հասցնում «Էրեբունի» հիվանդանոց։ Հիվանդի անձնագրային հասցեով գտնում են նրա ընտանիքը Իջևան քաղաքում։
Կինն անհապաղ գալիս է հիվանդանոց, հետո ես եմ այցելում։ Հիվանդն արդեն գտնվում էր վերականգնողական բաժնում անզգա վիճակում։ Բուժող հայտնի նյարդաբան բժիշկը (անունը կարևոր չէ) հայտնեց մեզ, որ անհրաժեշտ նշանակումներն արվել են, սակայն գործը բարդ է և, հավանաբար, գլխի վիրահատում կլինի` արյունազեղումը վերացնելու նպատակով։
Իսկ թե ինչից է առաջացել ար-յունազեղումը, նա ոչինչ չասաց։ Բժիշկը նշեց նաև, որ հիվանդին փողոցից են բերել և բուժումը կլինի պետպատվերի կարգով, անվճար, բայց մեկ օր անց վիրահատումից հետո նա անմիջապես պահանջեց մի գումար, ասելով, որ այլ տեղից ուրիշ սարքեր են բերել և ինչ-որ դեղեր են օգտագործել։ Իսկ հիվանդի առողջացման մասին ոչ մի խոսք։ Վերականգնողական բաժնի քույրերն էլ իրենց հերթին ամեն օր ինչ-ինչ թանկարժեք դեղեր են պահանջում հասցնել հիվանդանոց։ Եթե չկային դրանք հիվանդանոցի դեղատանը, առաջարկում էին գնել իրենց մոտից։ Չնայած բոլոր «ջանքերին», հիվանդը, այնուամենայնիվ, մահացավ։ Ոչ ոք նույնիսկ ցավակցություն չհայտնեց։ Բայց նախապես մահամերձ հիվանդից բժիշկները ահագին գումար շորթեցին։ Այս դեպքի հետ կապված բժիշկները և ոստիկանները մի անթույլատրելի բացթողում կատարեցին։ Շատ ուշ պարզվեց, որ հիվանդն անզգա վիճակի է հասել` ծոծրակին ստացած հարվածից։ Այտուցներ եղել են, բայց դրա վրա ուշադրություն չեն դարձրել, հետևաբար, բաց է թողնվել հետաքննության կազմակերպումը։
Հաջորդ բուժա-փորձարարական արտառոց դեպքը եղել է հանրապետական դիագնոստիկ կենտրոնում։ Մորաքրոջս տղային (Կ. Ս.) այստեղ բերեցին դեղնախտի պարզորոշ արտահայտությամբ։ Այստեղ բժշկին (նույնպես անանուն) իրենց իսկ կողմից կատարած անալիզները չգիտես ինչու կասկածելի թվացին, չնայած մի կլոր գումար արդեն վերցրել էին։ Հետո նա զանգահարեց ինչ-որ մեկին, թե որոշ կասկածներ ունի ախտորոշման հարցում և հիվանդին ուղարկում է նոր ստուգումներ անելու։ Ապա գրեց Արգավանդում գտնվող ինչ-որ ախտորոշիչ կենտրոնի և նրա բժշկի հեռախոսները։ Այստեղ էլ կատարելով նույն անալիզները և նորից շորթելով համապատասխան գումար, հետ ուղարկեցին։
Վերադարձանք առաջին բժշկի մոտ, որը, նայելով նոր նկարներն ու անալիզները, առաջարկեց անհապաղ գնալ 8-րդ հիվանդանոց` այսինչ պրոֆեսորի մոտ։ Շտապեցինք այնտեղ։ Երկար սպասելուց հետո պրոֆեսորը նայեց մեր բերած նկարներն ու անալիզները և հաջորդ օրվա համար նշանակեց վիրահատում։
Գումարի մասին նա ասաց, որ տեղակալից իմանանք։ Վերջինս շատ կարճ ու հանգիստ նշեց 400-450 հազար դրամի գումար, որին բարեկամս չհամաձայնեց ու տուն վերադարձավ։ Մեկ ամիս անց իմացա, որ նրան վիրահատել են մեկ այլ տեղ և կես գնով։ ՈՒ շատ հաջող։
Հերթական դրամաշորթության դեպքը եղել է հանրապետական հիվանդանոցում։ Բարեկամիս զինակոչիկ տղային (Ռ. Մ.) Իջևանի զինկոմիսարիատից ուղարկել են ստուգումների։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երիտասարդն ունի երիկամների գործունեության բարդություն։ Հանրապետականի անալիզներն էլ հաստատեցին հիվանդության փաստը, որի դեպքում հիվանդն ազատվում է բանակային ծառայությունից։ Այս անգամ էլ պատասխանատու բժիշկը (դարձյալ անանուն) կարողացավ օգտվել հանգամանքից և իբրև թե հարմար եզրակացություն գրելու համար մի կլորիկ գումար պահանջեց։
Նմանատիպ դեպքերը բավականին շատ են և համաճարակային վտանգավորություն ունեն։ Բոլորին անդրադառնալ հնարավոր չէ։ Այդ մասին քիչ է գրվում, բայց ժողովուրդը խոսում է, վրդովվում։ Բոլորն էլ կարծում են, որ համակարգն է այդ ամենը թելադրում։ Ներկա բուժօգնության համակարգն անհասանելի է բնակչության մեծամասնությանը։ Այդ պատճառով էլ շատերն արդեն բժիշկներին չեն դիմում, մնում են իրենց ցավի հետ և այդ ցավով էլ անժամանակ մահանում։
Հիվանդություններից տանջահար բազմաթիվ անօգնական մարդիկ բուժվելու համար դրամ չունեն, իսկ դրամ աշխատելու հնարավորություն չկա, քանի որ հիվանդ են կամ դեռահաս, տարիքավոր են, թոշակառու և հաշմանդամ, որոնց ստացածն էլ մի քանի դեղերի է հերիքում։
Անհրաժեշտ է մի ելք գտնել և անվճարունակ մարդկանց համապատասխան բուժօգնություն ցույց տալ և, առաջին հերթին, վիրահատումները մատչելի դարձնել կարիքավորների համար։ Կարելի է որոշել, որ եթե ընտանիքի մեկ անդամին հասնող եկամուտի չափը չի հասնում 50 հազար դրամի, նրանց բուժումը պետբյուջեից լինի։ 50-100 հազար եկամուտի դեպքում վճարվի վիրահատման ծախսերի 30 տոկոսը, իսկ 100-150 հազար դրամի դեպքում` 10 տոկոս զեղչով։ Ավելի բարձր եկամուտների դեպքում զեղչ չնախատեսվի։
Շատ նպատակահարմար կլինի նաև, եթե ընդօրինակվի խանութներից ապրանքների գնման ապառիկ ձևը։ Նախապես վճարելով բուժման համար անհրաժեշտ գումարի 20-30 տոկոսը, մնացածը կձևակերպվի ապառիկ (1-2 տարում) վճարելու պայմանով։ Այսպես և՛ հիվանդների համար լավ կլինի, և՛ բժիշկների, որոնց հաճախորդները կավելանան։
Դերենիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ